Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան
Գյումրիում առաջիկայում իրականացվելու է «Էներգոէֆեկտիվ տեխնոլոգիաների կիրառումը Գյումրում» ծրագիրը, ինչն էապես թեթեւացնելու է քաղաքապետարանի կողմից ծախսված էներգիայի դիմաց ՀԷՑ-ին կատարվելիք վճարման չափը: Այս ծրագիրը Գյումրու համար էֆեկտիվ կլինի, քանի որ արդեն կա ուսումնասիրություն, որ արեւի էներգիան հաջողությամբ հնարավոր է հոսանքի վերածել: Գյումրիում տարվա 365 օրվանից 273-ը արեւային օրեր են: Ծրագրի արժեքը 3 մլրդ 34 մլն դրամ է: Ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, հատկապես բանկերն են հետաքրքրված այդ ծրագրով:
«Հիմա մենք աշխատում ենք ՎԶԵԲ-ի հետ: Եթե պահանջվող գումարի 50 տոկոսը բանկը վճարի, 25 տոկոսը Ճապոնիայի կառավարությունը, որի հետ հիմա բանակցում ենք, 25 տոկոսն էլ համայնքը կտա: Մենք տարեկան 188 մլն լույսի փող ենք մուծում, մենք էդքան փոխանցում ենք էլցանցին: Եթե այս ծրագիրը լինում է եւ 7 տարում կարողանում ենք դուրս բերել ծախսերը, ապա 20 տարի մեր քաղաքը լուսավորելու ենք լրիվ ձրի, մեր ենթակայության կառույցները, մեր շենքը խնայողական էներգիայից կօգտվեն: Էս լուրջ ծրագրի վրա գումար դնողներ կան»,- ասաց Գյումրու քաղաքապետը: