Մետաքսի նոր ճանապարհի մեջ կարող է ներառվել ԵԱՏՄ երկրների 30-ից ավելի ծրագիր․ Տիգրան Սարգսյան
Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային նոր ուղու ստեղծման շրջանում ԵԱՏՄ անդամ պետություններին հետաքրքրում են հատկապես լոգիստիկ, ենթակառուցվածքային ծրագրերը։ Եվ կազմակերպության անդամները հետաքրքրված են չինական կողմի այս նախաձեռնությամբ։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։
«Ընդհանուր առմամբ Մետաքսի նոր ճանապարհի մեջ կարող է մտնել 30-ից ավելի ծրագիր ԵԱՏՄ անդամ բոլոր 5 պետություններից։ Համենայն դեպս, այդպիսի ցանկ է հավաքվել Հանձնաժողովում և հենց վերջերս փոխանցվել Չինաստանին»,- ասել է Սարգսյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ ներկայացված են այն ծրագրերը, որոնց դեպքում ծրագրված է ԵԱՏՄ անդամ առնվազն 2 երկրի մասնակցություն։
Սարգսյանը ներկայացրել է նաև, թե ինչ ակնկալիքներ ունի Չինաստանը՝ սեփական ապրանքների արտահանման մեծացում, լոգիստիկ ու ֆինանսական հոսքերի դիվերսիֆիկացիա, ինչպես նաև ձգձգումների թեթևացում։