Մատների վրա կհաշվվեն համատիրությունների ղեկավարները, որ ընտրվել են ընտրությունով․ վարչապետ
Այսօր Շենգավիթում նորակառույց շենքի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի բռնվեցին նաև հարևան հին շենքի բնակիչների հետ, ովքեր խնդրում էին օգնել իրենց շենքի նորոգման հարցում։ Բնակիչներն ուշադրություն հրավիրեցին նաև այն խնդրի վրա, որ շենքը բակ չունի։
«Եկեք կենտրոնում ձեզ բակեր ցույց տամ … որ ասում եք՝ բակ չունեք, դե կիմանաք բակ չունին որն է», – արձագանքեց Մարությանը։
Պարզվեց, որ բակի տարածքը նախկինում փոխանցվել է տնտեսվարողի, և վարչապետը արձագաքնեց, որ հավանաբար կոպեկներով վաճառվել է, իսկ եթե հիմա հետ վերցնեն այդ տարածքը, միլիոնների ծախս կբացվի։
Համաձայնության եկան, որ բնակիչները պետք է ուշադիր լինեն իրենց միջոցներին, որ վճարում են համատիրությանը, իսկ դրա ղեկավարը պետք է զեկուցի ամեն լումայի համար։
«Իմիջիայլոց, էդ համատիրությունների ինստիտուտը պետք է նայենք, դա ի՞նչ է իրենից ընդհանրապես ներկայացնում … էսօր պետք է արձանագրել, որ երկրում երևի մատների վրա կարելի է հաշվել համատիրությունների ղեկավարներին, որոնք իրոք ընտրվել են ընտրությունով։ Հիմնականում վերևից նշանակված են՝ դրանից բխող պրոցեսներով», – ասաց վարչապետ Փաշինյանը։
Վերջնական համաձայնության եկան, որ վարչական շրջանի ղեկավարը հանդիպում կունենա բնակիչների հետ՝ այդ հարցերը կարգավորելու համար։