BBC-ն հրապարակել է հորը որոնող հայուհու պատմությունը
Magnum միջազգային ֆոտոգործակալության լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը Հայաստան է եկել՝ հորը գտնելու, ում ավելի քան 20 տարի չի տեսել, փոխանցում է BBC-ն:
Հայուհին 7 տարեկանում ստիպված էր հորը լքել եւ մոր հետ մեկնել Կալիֆոռնիա: Դիանան BBC-ի հետ զրույցում հայտնել է իր մանկական հիշողությունների մասին:
Նրա խոսքով՝ հայրն ամիսներով տանը չէր լինում, իսկ 1996 թվականին ինքը
մոր հետ հավաքել է իրերը եւ մեկնել Կալիֆոռնիա՝ այդպես էլ հորը հրաժեշտ
չտալով: Դիանայի խոսքով՝ երբ դեռեւս Մոսկվայում էին ապրում, մայրը Լոս
Անջելեսի թերթին գրել էր, որ ցանկանում է Ամերիկան տեսնել:
«Մի օր առավոտյան մայրս ինձ արթնացրեց եւ ասաց. «Մենք ճանապարհորդության
ենք մեկնում»: Ես հիշում եմ անվերջանալիորեն երկար այդ թռիչքը, եւ ինչպես
մեր օդանավը, վերջապես, վայրէջք կատարեց Կալիֆոռնիայում, որտեղ մեզ
դիմավորեց մի երիտասարդ… Ես այդ ժամանակ չէի մտածում, որ հորս այլեւս չեմ
տեսնի»,- ասել է Դիանան:
Մարկոսյանը պատմել է Հայաստանում իր ճանապարհորդության մասին, երբ 2013
թվականին եկել է եղբոր հետ, որ գտնի հորը եւ իր մանկության
ֆոտոպատմությունը ստեղծի: Հայաստանում նա գտել է նամակներով ճամպրուկ,
որոնք նրա պապիկն ուղարկել էր Ամերիկա, որպեսզի գտնի «կորած թոռներին»
(նամակները հասել էին մինչեւ Մոսկվա եւ Երեւան վերադարձել):
«Երբ կյանքը քեզ զրկում է ծնողներից մեկից, դու ամեն ինչ անում ես, որ դա ուղղես»,- ասում է Դիանան: