Facebook-ն ու YouTube-ը հեռացրել են Նոր Զելանդիայում ահաբեկչության վայրից տեսանյութը
Նոր Զելանդիայի մզկիթում ահաբեկչության տեսանյութը հեռացվել է Facebook սոցցանցից: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Նոր
Զելանդիայում Facebook-ի ներկայացուցիչ Միա Գարլիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նորզելանդական ոստիկանությունը տեղեկացրել է մեզ Facebook-ում
տեսանյութի մասին այն հրապարակելուց կարճ ժամանակ անց, եւ մենք անմիջապես
հեռացրել ենք հրաձիգի հաշիվները, ինչպես նաեւ տեսանյութը Facebook-ից եւ
Instagram-ից»,-հաղորդել է նա:
Ըստ CNN-ի տվյալների՝ Twitter-ը եւս հեռացրել է հանցագործի հաշիվն ու
այժմ քայլեր է ձեռնարկում ահաբեկչության տեսանյութը հեռացնելու
ուղղությամբ: Google-ի ներկայացուցչի խոսքերով՝ արդեն միջոցառումներ են
ձեռնարկվել տեսանյութը YouTube-ից հեռացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի ոստիկանությունը դիմել էր համացանցի
օգտատերերին՝ խնդրելով չտարածել Քրայսթչերչում մզկիթների վրա հարձակման մեջ
մեղադրվող ավստրալացի հրաձիգ Բրենթոն Թարանթի տեսանյութը: Ուրբաթ զինված
անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ
մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության
հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք
տեղափոխվել են հիվանդանոց:
Մզկիթում հարձակման մեղադրանքով ձերբակալվել է երեք տղամարդ եւ մեկ կին:
Ոստիկանության թվիթերյան հրապարակումներից պարզ է դառնում, որ
հանցագործներից մեկին՝ 28-ամյա տղամարդուն, սպանության համար մեղադրանք է
առաջադրվել. շաբաթ նա կկանգնի Քրայսթչերչի դատարանի առջեւ: Մնացած երկուսը
դեռեւս գտնվում են բանտում, եւ, ինչպես նշել են ոստիկանությունում, ավելի
վաղ ձերբակալվածներից եւս մեկի առնչությունն այդ գործին չի հաստատվել: