Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի
կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի
զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է
ընտրությունների կազմակերպման գործընթացում ցուցաբերված օժանդակությունը,
հետագա համագործակցության համատեքստում կարեւորել ԱԺ ծրագրերին ուղղված
փոխգործակցությունը:
Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ
կարողություների զարգացումը` այդ թվում փորձագիտական եւ աշխատակազմի
ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական
վերահսկողության կարեւորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի
ուսումնասիրումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական
մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող
բարեփոխումների անհրաժեշտությունը:
Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում
կայացած ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների եւ ԱԺ նախագահ
ընտրվելու կապակցությամբ: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող
բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ-ի եւ Հայաստանի խորհրդարանի
համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված
երկրում իրականացվող գործընթացներին ու զարգացման ծրագրերին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը
վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու
համագործակցությունը տարբեր ուղղություններով: