«Իմ քայլ» հիմնադրամը 194 միլիոն է փոխանցել Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնին
Արդեն մեկ տարուց ավել Հայաստանում գործում է կարևորագույն մի կենտրոն՝
վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, սակայն, մինչ օրս կենտրոնի
ֆինասավորման հարցը լուծված չէր և վիրավոր զինվորների բուժման ծախսերը
հոգում էին անհատ բարերարները: 2018 թվականի դեկտեմբերին «Հայրենիքի
պաշտպանի» վերականգնողական կենտրոնի տարեկան բյուջեն ներկայացվեց Աննա
Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին:
Հաշվի առնելով «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի բացառիկ
առաքելությունն ու կարևորությունը Հիմնադրամը որոշում է կայացրել աջակցել
հաստատությանը և փոխանցել 194,000,000 ՀՀ դրամ գումար:
Այսպիսով, 2019 թվականին Զինվորների տունը իր գործունեությունը
կկարողանա անխափան շարունակել նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի
շնորհիվ:
Հավելենք, որ Հիմնադրամի և Պաշտպանության նախարարության աջակցության
արդյունքում, ներկա պահին, լուծվել է Կենտրոնի ֆինանսավորման 60 տոկոսը,
ինչը հնարավորություն կտա 1300 զինվորի տրամադրել լիարժեք վերականգնողական
բուժում, ինչպես նաև լուծել նրանց ուսումնական, սոցիալական և իրավական
խնդիրները:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մի քանի անգամ
այցելել է Զինվորի տուն, ծանոթացել է առկա խնդիրներին և խոստացել էր
հնարավորինս արագ լուծել դրանք: