Բազկամարտի աշխարհի գործող չեմպիոնը պարգևատրել է դատապարտյալներին
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից մարտի 14-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվում էր դեռևս փետրվարի 4-ից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Բացման խոսքով հանդես է եկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ ներկայացնելով նաև միջոցառման պատվավոր հյուրերին, որոնց թվում էին բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանը, Լոռու մարզի «ARMWRESTLING» ֆեդերացիայի նախագահ Արամ Զուրաբյանը և նույն ֆեդերացիայի մարզիչ Արտակ Օդաբաշյանը:
Ա. Պետրոսյանը կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:
Եզրափակիչ դուրս եկած ութ դատապարտյալներից առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ա. Նիկողոսյանը, Ա. Առաքելյանը, Ա. Մուրադյանը: Նրանք բազկամարտի աշխարհի գործող չեմպիոն Սերոբ Աբրահամյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով: