Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք
առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով
համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման
տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր
երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար
կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման
գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր
ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:
Մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել
է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները:
Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ: