Կարակասում ջրի դեֆիցիտ է սկսվել. (լուսանկարներ)
Կարակասի շատ բնակիչների համար ջրամատակարարման հաճախակի դադարեցումն իսկական ողբերգություն է դարձել, նրանք ստիպված են այս ռեսուրսի դեֆիցիտի պատճառով մեկնել մոտակա տարածքներ` բնական աղբյուրներից օգտվելու համար, տեղեկացնում է РИА Новости-ն:
Վենեսուելայի մայրաքաղաքը գտնվում է Կարիբյան Անդեր լեռնաշղթայի հովտում, և քաղաքում ու դրա շրջակայքում շատ աղբյուրներ կան: Մարդիկ, ովքեր փորձում են աղբյուրներից ջուր վերցնել, հանդիպում են հսկայական հերթերի:
«Ես արդեն 4 ժամ սպասում եմ իմ հերթին, որպեսզի ջուր վերցնեմ»,-գործակալությանը պատմել է 60-ամյա Մարբելյա Բլանկոն՝ ասելով. «Այն ինձ պետք է կերակուր պատրաստելու, ափսեները լվանալու և տնային տնտեսության այլ կարիքների համար: Հինգշաբթի օրվանից ջուր չի եկել, իսկ խանութներում ջուր գտնել հնարավոր չէ»:
Քաղաքացիները գալիս են 20 լիտրանոց շշերով, ոմանք նույնիսկ ամբողջ ընտանիքներով են գալիս՝ իրենց հետ բերելով խոհանոցում ունեցած բոլոր տարաները: Մարդիկ համբերատարությամբ փորձում են իրար օգնել՝ գիտակցելով իրենց սպառնացող վտանգը:
Մարտի 7-ին Վենեսուելայում գտնվող խոշորագույն «Էլ Գուրիի» էլեկտրակայանում, որն սպասարկում է երկրի 80% -ը, տեղի է ունեցել խոշոր վթար: Դրա հետևանքով կաթվածահար են եղել 20-23 նահանգներ: Վթարը խիստ ազդել է տրանսպորտային համակարգի և կոմունալ ծառայությունների աշխատանքի վրա: Հոսանքի բացակայությունը հանգեցրել է նրան, որ Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ը, 13-ը հայտարարել է ոչ աշխատանքային:
Կարակասի մետրոն այսօր շարունակում է փակ մնալ, բջջային կապը գործում է լուրջ խնդիրներով, զանգեր կատարելն ու հաղորդագրություններ ուղարկելը գրեթե անհնար է: Տեղաբնակները հաստատում են, որ նրանց հիշողության մեջ սա մայրաքաղաքում հոսանքի ամենաերկարատև անջատումն է: