Արմեն Սարգսյանին ուշ երեկոյան հրավիրել են մասնակցելու ԱԽ նիստին, բայց նա չի մեկնի Արցախ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ուշագրավ է, որ Փաշինյանն իր կուսակից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այսօր կայանալիք նիստին, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին չի հրավիրել: ՀՀ նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը նշել էր, որ ՀՀ նախագահը հրավեր չի ստացել:
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ եւ ՀՀ նախագահներն են, որ անվտանգության խորհրդի անդամ չեն․ նրանք այդ կազմից դուրս են մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում։