Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ ժողովրդի ինքնորոշման իրացում․ Վլադիմիր Վարդանյան
Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում չի կարող որևէ որոշում ընդունվել առանց Արցախի բնակչության հետ համաձայնության, քանի որ Երևանն ու Ստեփանակերտը կարող են ունենալ տարբեր դիրքորոշումներ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Լրագրողներից մեկի ճշտմանը, թե պատգամավորը խոսում է տարածքի մասին, Վարդանյանը մանրամասնեց, որ նկատի ունի Արցախը, և դա ոչ թե տարածք է, այլ փաստացի գոյություն ունեցող պետություն` իր բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով՝ տարածք, բնակչություն և ինքնիշխան կառավարման համակարգ։
Նա հիշեցրեց, որ Արցախյան հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ այդ տարածքում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց։