Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. 20-ից ավելի երթուղիների վարորդներ հրաժարվում են աշխատել
Այսօր՝ մարտի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
«Մեզ ասում են՝ նոր տեխնոլոգիաներով ենք առաջնորդվելու և դրա անվան տակ վարորդի գլխավերևում տեղադրում են տեսախցիկ, իսկ ձեռքի արգելակի մոտ էլ արկղ են տեղադրել՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է հավաքվի այդ արկղում, իսկ այդ արկղն էլ վտանգ է ներկայացնում իրենից, քանի որ վարորդի կողմից ղեկը կառավարելու ժամանակ լուրջ խոչընդոտի է հանդիպելու վարորդը, իսկ դրա արդյունքում, ինչքան էլ վարորդները փորձ ունենան, չի բացառվում՝ վթար տեղի ունենա: Ասում են՝ նոր տեխնոլոգիա… դիսպետչերական ոչ մի կետում չկա սանհանգույց, չկա վարորդի հանգստի սենյակ և մեջբերում են միջազգային օրենքները, իսկ միջազգային օրենքներով պետք է դիսպետչերական բոլոր կետերն ապահովված լինեն սանհանգույցները, հանգստի սենյակները։ Ասում են՝ տեսախցիկները տեղադրել ենք անվտանգության համար, մինչև էդ տեսախցիկները տեղադրելը, թող ղեկավարությունը, շատ չէ, մեկ օր մեզ հետ շրջի մայրաքաղաքում ու տեսնի, թե կանգառներում ինչ բարձիթողի վիճակ է: Առավոտվանից սպասում ենք, որ քաղաքապետարանի համապատասխան վարչության պատասխանատուները ժամանեն»,-ասել է վարորդներից մեկը:
Վարորդները ներողություն են խնդրել ժողովրդից` նշելով, որ պարզապես չեն ուզում ստրուկի նման 14 ժամ աշխատել 60-70 հազար դրամով: