ՀԴՄ-ի հետ կապված հայտարարությանը հաջորդել է աննախադեպ զարգացում, հունվար-փետրվարին առևտրաշրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է. Ն. Փաշինյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե Կառավարության ծրագրի քննարկմանը տնտեսական հեղափոխություն սկսելու՝ քաղաքացիներին ուղղված կոչից որոշ ժամանակ է անցել. ի՞նչ դինամիկա կա տնտեսության մեջ, նկատվո՞ւմ են փոփոխություններ։
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մինչ պատասխանը շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներից, ՀՀ-ում գործող բոլոր ձեռնարկատերերից, ինչպես նաև ՊԵԿ-ից:
Նա նշեց, որ հաշվիչ դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) հետ կապված հայտարարությանը հաջորդել է աննախադեպ զարգացում: «2019 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել: Հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին»,- հայտարարեց վարչապետը և նշեց, որ այս պրոցեսը շարունակվելու է:
Վարչապետը կարևորեց քաղաքական ուղերձը, որի արդյունքում Կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ: Ըստ նրա՝ հանրությունը շարունակում է իր գործողություններով վստահություն արտահայտել Կառավարության ու Ազգային ժողովի նկատմամբ։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գործարարներից, քաղաքացիներից, ես կասեի, դարակազմիկ աջակցության համար», - նշեց նա: