2018թ. դեկտեմբերի 9-ի քվեարկությունն անցել է խաղաղ և հանգիստ. Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում մարտի 5-ին ներկայացրեց 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը: Նա նկատեց՝ գործող օրենսգիրքը ևս կարգավորումներ նախատեսում էր, որոնք ընտրական գործընթացի բոլոր փուլերի նկատմամբ թափանցիկություն ապահովում էին:
Մուկուչյանը հայտնեց՝ ընտրությունների անցկացման համար բացվեց 2010 ընտրական տեղամաս՝ հանրապետության տարածքում, դրանցից 12-ը՝ ՔԿՀ-ներում: Հանրապետությունը բաժանվել էր 13 ընտրական տարածքի, հավատարմագրվել էին և դիտորդական առաքելություն իրականացրել միջազգային և օտարերկրյա 8 կազմակերպություն՝ 505 դիտորդներով, 22 տեղական կազմակերպություն՝ 17 800-ից ավել դիտորդներով: Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է տեղական ԶԼՄ-ների 1200 ներկայացուցիչ և 31 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ:
22 000 քաղաքացիներ տեղամասային հանձնաժողովներում են եղել: ԿԸՀ նախագահը շեշտեց՝ թեպետ ընտրական գործընթացը 2 անգամ կրճատված ժամկետներում է կազմակերպվել, սակայն դրանից որևէ կերպ չի տուժել. ընտրությունը կազմակերպվել և անցկացվել է բոլոր ժամկետների պահպանմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ և հանգիստ: