Մեզ համար հնարավորություն է ՀՀ-ում արտադրվածն Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով ներմուծելը. նախարար
Հայ-իրականական տնտեսական հարաբերությունների այս տարվա օրակարգում կարևոր է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ ապրանքատեսակներ կենթարկվեն արդեն պարզեցված ընթացակարգերով առևտրային կարգավորումների:
«Կտա մեծ հնարավորություններ ԵԱՏՄ տարածքում գործող կազմակերպություններին, այդ թվում՝ առաջին հերթին ՀՀ կազմակերպություններին՝ դեպի իրանական շուկա պարզեցված մուտքի հարցում: Դա հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար: Նրանց համար հայաստանյան, ռուսաստանյան, բելառուսական, ղազախական շուկաներն ամենևին երկրորդային նշանակություն չունեն, հատկապես այն պայմաններում, որ այսօր գտնվում է իրանական տնտեսությունը»,- ասաց Խաչատրյանը;
Խաչատրյանը նշեց՝ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո կլինի ոչ տարիֆային կարգավորումների սահմանափակումներից ազատում:
«Մեզ համար հնարավորություն է՝ ցանկացած բան, որ արտադրված է Հայաստանում, Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով ներմուծել»,- ասաց նախարարը: