Պակիստանը մեկ օրով երկարաձգել է իր օդային տարածքում թռիչքների արգելքը
Պակիստանի ավիաիշխանությունները որոշել են եւս մեկ օրով երկարաձգել երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը: Այս մասին ասվում է NOTAM (NOtice To AirMen) ավիաանձնակազմի տեղեկացման միջազգային համակարգի ծանուցագրում, որը երկուշաբթի հրապարակվել է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում:
«Պակիստանի օդային տարածքը փակ կմնա մինչեւ երեքշաբթի՝ 8:00 UTC», - ասվում է ծանուցագրում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում եւ Պակիստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ «Մուհամմադի բանակը» ահաբեկչական խմբավորման մահապարտը պայթեցրել էր հնդկական զորքերի շարասյունը, ինչի հետեւանքով մահացել էր 49 մարդ: