Իվանիշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանքի» գրասենյակում նիստ կանցկացվի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր խորհրդարանական մեծամասնությունը նիստ կանցկացնի: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նիստը կղեկավարի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Կուսակցության մամուլի ծառայությունից չեն մանրամասնել, թե ինչ հարցեր կքննարկվեն հանդիպմանը, սակայն, հավանաբար, օրակարգում ներկուսակցական խնդիրներն են:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում առկա անհամաձայնությունները հիմնականում կապված են Գերագույն դատարանի դատավորների ընտրության հետ, որի պատճառով մի քանի պատգամավոր արդեն լքել է իշխող թիմը, ինչը և հանգեցրել է խորհրդարանում կուսակցության սահմանադրական մեծամասնության կորստին: