«Արմենիա Էյրվեյզը» շուտով երկինք կբարձրանա (լուսանկար)
«Արմենիա Էյրվեյզ» հայկական ավիաընկերությունը (IATA-ի կոդը՝ 6A, ICAO-ի կոդը՝ AMW) շատ մոտ ապագայում ծրագրում է օդ բարձրանալ: Ինչպես գրել ենք նախկինում, փոխադրողն անցյալ տարվա ամռանը Ռումինիայի ազգային ավիաօպերատոր «TAROM»-ից գնել էր 2 հատ «Airbus A310-300» տիպի օդանավ, որոնք հետո ուղարկել էր Թեհրան՝ տեխնիկական աշխատանքների եւ հայկական ընկերության գույներով ներկելու համար: Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզի» սեփականատերը պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաին է: Գրում է Hetq.am-ը:
Հայաստանում իբրեւ EK-31001 եւ EK-31002 գրանցված ինքնաթիռներից մեկի մոտ, ըստ «Հետքի» աղբյուրի, Թեհրանում իրականացված աշխատանքների ժամանակ տեխնիկական խնդիրներ են բացահայտվել, ինչն, ըստ էության, տնտեսապես աննպատակահարմար է դարձնում այդ օդանավի շահագործումը: Այնինչ, 2 օդանավերի համար հայկական կողմը ռումինական փոխադրողին, ըստ երկկողմ հուշագրի, որի մասին նույնպես գրել էինք, պետք է վճարեր 5,48 մլն դոլար (հարկերն ու այլ ծախսերը չհաշված): Չի բացառվում, որ նշված ինքնաթիռը կդառնա պահեստամաս մյուսի համար: Ի դեպ, համացանցում հայտնվել է EK-31002-ի լուսանկարը՝ արված «Մեհրաբադ» օդանավակայանում: Ինչպես տեսնում ենք, դրա վրայից մաքրվել են ռումինական օպերատորի գույները:
Մանրամասն`սկզբնաղբյուր կայքում: