ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել վտանգավոր քիմիական նյութ տեղափոխող բեռնատար գնացք
Կիրակի լույս երկուշաբթի գիշերն ամերիկյան Լոթելլ քաղաքում անհայտ պատճառներով երկաթգծերից դուրս է եկել պայթյունավտանգ քիմիական նյութերով բեռնված բեռնատար գնացքի 76 վագոններից 26-ը, այդ թվում' վինիլային քլորիդով բեռնված 14 վագոն:
Ինչպես հաղորդել է նահանգապետ Բոբի Ջինդալը, 3 ցիստեռն լրջորեն վնասվել են, որոնցից տեղի է ունենում արտահոսք: Նա նաև նշել է, որ վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ վինիլային քլորիդով բեռնված վագոններում արտահոսք չկա:
Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Անվտանգության նկատառումներից ելնելով' փրկարարները տարհանել են վթարի վայրին մոտ տեղակայված 100 տների բնակիչներին: