Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել Աբդուլլահ Օջալանին. բողոքի ակցիա
Երևանի Ստեփան Շահումյանի հրապարակում այսօր Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա իրականացրեց` պահանջելով ազատ արձակել քրդերի առաջնորդ, 20 տարի բանտարկության մեջ գտնվող, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանին:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր թուրքական իշխանությունն ամեն ինչ անում է, որ ոչնչացվի քուրդ ժողովուրդը:
«Արդեն 5 տարուց է ավելի է, որ թույլ չեն տալիս Օջալանի մոտ մարդ տեսակցության գնա, նույնիսկ նրա ընտանիքի անդամներին և փաստաբաններին թույլ չեն տալիս: Այսօր չգիտենք` Օջալանը ողջ է, թե ոչ: Դրա համար այսօր քուրդ ժողովուրդը հավաքվել է, որպեսզի կոչ անի միջազգային հանրությանը, գերտերություններին` մի կողմ թողնել իրենց ռազմական, նավթային շահերը և կանգնել արդարության, ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության, քուրդ ժողովրդի կողքին, որը թուրք իշխանությունների կողմից ենթարկվում է ցեղասպանության»,- շեշտեց Հասանովը: