Հայազգի պատանի գրոսմայստերը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել
Հայազգի պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պատվավոր երկրորդ տեղն է գրավել Մոսկվայում կայացած Աերոֆլոտ Օփեն՝ շախմատի միջազգային մրցաշարում: Այն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է համարվում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հաղորդվում է, որ մրցաշարում ներկայացված երկրների շարքում Հայաստանը միակն է եղել, որի ներկայացուցիչները բոլոր՝ A, B և C մրցաշարերում կանգնել են պատվո հարթակներին:
Այսպես.
Մեր ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում տոնել է 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտել է հաշտությամբ՝ արդյունքում վաստակելով 7 միավոր:
Այս արդյունքը հիմնականում բավական էր, որպեսզի Մարտիրոսյանը մրցաշարի հաղթող հռչակվեր, սակայն, ինչպես աղբյուրը հայտնում է՝ նույնքան միավոր վաստակել է նաև Էստոնիայի ներկայացուցիչ, 42-ամյա Կայդո Կուլաոցը: Ավելի ուշ նա լրացուցիչ ցուցանիշներով դարձել է մրցաշարի հաղթող ու նաև ձեռք բերել Դորդմունդի առաջնութան մասնակցության իրավունք:
Ֆեդերացիայից հայտնում են, որ մեր բոլոր շախմատիստները մրցաշարի ընթացքում բարելավել են իրենց դիրքը: Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը 5.5-ական միավորներով գրավել են համապատասխանաբար 15-րդ և 21-րդ տեղերը: Մանուել Պետրոսյանը 5 միավոր է վաստակել ու զբաղեցրել է մրցաշարի 27-րդ տեղը, իսկ Շանթ Սարգսյանը 4.5 միավորով 49-րդ տեղն է զբաղեցրել:
Հաղորդվում է, որ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա, առաջիկայում այդ կոչումը կշնորհվի նրան: B մրցաշարում Տիգրան Հարությունյանը գրավել է 2-րդ տեղը՝ հաղթող Ստանիսլավ Բոգդանովիչից ետ մնալով ընդամենը 1 միավորով: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 7 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: