Բիզնես՝ առանց կանոնների. Հարկային օրենսգիրքը չի լինելու խթանող, գրավիչ ու նպաստավոր պայմաններ ստեղծող փաստաթուղթ
«168 ժամ» թերթը գրում է.
«ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը կլուծի աշխատավարձերի թերի հայտարարագրման խնդիրը: Թեև փոփոխությունը կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այս և մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը»,- հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Այսինքն՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք մեկնարկել էին դեռ նախորդ իշխանության օրոք, տնտեսական աճն ավելացնելու են ընդամենը 0.8 տոկոսով: Այն էլ երկարաժամկետ կտրվածքով: Դա նշանակում է, որ նոր Հարկային օրենսգրքի ազդեցությունը դրա ընդունման սկզբնական փուլում լինելու է չնչին կամ գրեթե զրոյական: Իհարկե, սխալ կլիներ պնդումը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է զգալի չափով ազդեր տնտեսական աճի վրա:
Մյուս կողմից, սակայն, Հայաստանի նոր իշխանությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին, ինչը ենթադրում էր, որ բիզնեսի համար պետք է ստեղծվեն ոչ թե լավ, այլ աննախադեպ լավ պայմաններ: Իսկ բիզնեսի համար թիվ մեկ պայմանը հարկային դաշտն է, որը ձևավորվում է Հարկային օրենսգրքով: Դրա վերջնական տարբերակը դեռևս չի հրապարակվել, և դժվար է ամբողջական պատկերացում կազմել փոփոխությունների փիլիսոփայության մասին:
Սակայն դատելով տնտեսական աճի վրա դրա ազդեցության չափի մասին հնչեցված թվից՝ կարելի է եզրակացնել, որ նոր Հարկային օրենսգիրքը չի լինելու խթանող, գործարարության համար գրավիչ ու նպաստավոր պայմաններ ստեղծող փաստաթուղթ: Հարկային օրենսգրքի հետ կապված խնդիր է նաև այն հանգամանքը, որ որևէ մեկին հայտնի չեն դրա ընդունման ժամկետները:
Այն դեպքում, երբ բոլորը խոսում են ներդրումների մասին: Իրականում, սակայն, որևէ ներդրող, հատկապես՝ լուրջ ու խոշոր ներդրող, որևէ նախագիծ չի ֆինանսավորի բիզնեսի խաղի կանոնները սահմանող փաստաթղթի՝ Հարկային օրենսգրքի բացակայության պայմաններում: Իշխանությունը, սակայն, դրա ընդունման գոնե մոտավոր ժամկետներ չի հնչեցնում»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: