Վերջին 10 տարում գյուղնախարարության միջոցներից յուրացվել է 64 մլրդ դրամ. փորձագետ
Վերջին 10 տարում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության միջոցներից յուրացվել է 64 մլրդ դրամ: Փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը:
Նրա խոսքով՝ դրա եւ անգրագետ մենեջմենթի հետեւանքով այսօր ունենք ընդհանրապես անասնաբուժության եւ անասնաբուծության վատ վիճակ, ինչպես նաեւ որակյալ սերմերի բացակայություն: «Եթե 4 տարի առաջ մենք արտահանում էինք 56 տոննա կարտոֆիլ, ապա հիմա կասկածելի որակի բելառուսական կարտոֆիլ ենք ներմուծում: Շուկայում կիլոգրամը 5 դոլար արժեքով մսի առկայության պատճառով մեզ մոտ նկատվում է խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակի կրճատում՝ միայն վերջին տարում 67 հազար գլխով»,- նշեց նա: