«Վրացական երազանքը» միասնական է ու կայուն. Կոբախիձե
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ անդրադարձել է «Վրացական երազանք»-ից պատգամավորների արտահոսքին:
«Իշխող «Վրացական երազանք»-ի թիմը միասնական է ու կայուն, այդպես էլ կշարունակի գործունեությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն:
Վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով իշխող թիմում իրենց աղբյուրներին, գրում են, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավոր է լքի նաև Միրիան Ծիկլաուրին և Ռուսլան Պողոսյանը: Interpressnews-ի փոխանցմամբ՝ Էկա Բեսելիայի և նրա համախոհների հետ համակարծիք է նաև Ռուսլան Պողոսյանը:
Հեռացող պատգամավորները խոսում են կուսակցությունում գաղափարական տարակարծությունների մասին՝ ընդգծելով նաև անժամկետ հիմունքներով դատավորների նշանակման հարցը, որից էլ փաստացիորեն սկսել են հիմնական տարաձայնությունները։
«Վրացական երազանք»-ի ազդեցիկ պատգամավորներից Էկա Բեսելիան լքեց իշխող կուսակցությունը, երբ խորհրդարանը չպաշտպանեց առաջին և երկրորդ ատյանի դատարանների դատավորների անժամկետ նշանակումը դադարեցնելու մասին օրինագիծը: Այժմ նա մտադիր է նոր կուսակցություն հիմնադրել իր համախոհներով: