ԿԲ ներկայացուցիչներն «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ քննարկել են գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված հարցեր
Խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև: Քննարկումը փակ դռների հետևում է ընթացել: Ավելի ուշ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրմանը վերաբերող հարցեր:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները խորհրդարանականներին են
ներկայացրել ապահովագրության ներդրման՝ իրենց կողմից առաջարկվող մոդելները:
«Կամավոր ապահովագրություն է, ինչպես ցանկացած տեսակի կամավոր ապահովագրություն: Ժամանակն արդեն ցույց կտա, թե ինչպես կզարգանա
գյուղատնտեսության ապահովագրությունը: Սա զուտ աշխատանքային քննարկում էր
պատգամավորների հետ, որովհետև բոլորն ունեն բավական հետաքրքիր առաջարկներ,
որ կարելի է հաշվի առնել ապահովագրության մեջ»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ դեռևս գնում են աշխատանքային քննարկումներ և չի կարող ասել, թե այն ինչ մասշտաբի կարող է լինել: Ըստ նրա՝ հստակ է մի բան, որ մշակվում է ապահովագրական գործիք գյուղատնտեսությունում ներդնելու համար. «Մշակաբույսերը տարբեր տեսակի ռիսկերից ապահովագրելու համար՝ կարկտահարություն, ցրտահարություն»։
Իսկ թե երբ այն կներդրվի, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը դժվարացավ ասել, քանի որ դեռևս հաշվարկներ են իրականացվում: Նա հուսով է, որ մոտ ապագայում գյուղատնտեսության ապահովագրություն կլինի: