Գերմանիայի նախագահը մտահոգ է Վրաստանում քաղաքական ուժերի ուժեղ բևեռացմամբ
Վրաստանում նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եղել է արդար, սակայն դա տեղի է ունեցել քաղաքական ուժերի հզոր բևեռացման պայմաններում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մենք լարված հետևում էինք Վրաստանի նախագահական ընտրություններին, մենք տեսանք և զգացինք, որ այդ ընտրական գործընթացն անցնում էր կոշտ»,- ասել է նա Գերմանիայում պաշտոնական այցի շրջանակում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ ասուլիսում:
Միևնույն ժամանակ, Շտայնմայերը նշել է, որ այս ընտրություններն անցկացվել են լավ կազմակերպված, և ԵԱՀԿ առաքելությունների գնահատմամբ՝ արդար:
«Հուսով ենք, որ ընտրական գործընթացում դրսևորված ուժեղ բևեռացումը չի պահպանվի Վրաստանում, և քաղաքական խաղացողները, ինչպես հարիր է ժողովրդավարությանը, պատրաստ կլինեն վերադառնալ համագործակցության խաղաղ ձևաչափի»,- ասել է Շտայնմայերը: