Կառավարությունը որոշեց թույլատրել մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները ներմուծել մինչև մայիսի 1-ը
Կառավարությունը հավելյալ քննարկումներից հետո այսօր կրկին անդրադարձել է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին:
Հիշեցնենք` նախորդ քննարկմանը հետաձգվեց հարցը, քանի որ նախնական համաձայնությունից շեղումներ էին եղել: Վարչապետը մաքսակետում վարորդների հետ հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել ներմուծել այն մեքենաները, որոնք տվյալ պահին գտնվում էին մաքսակետում, մոտավորապես 400 մեքենայի մասին էր խոսքը, իսկ որոշման նախագծով նշված էր, որ ներմուծման իրավունք ունեն այն վարորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 30-ն են ձեռք բերել մեքենաները: Նման մեքենաների թիվը գերազանցում է 800-ը:
Վարչապետը ընդդիմացավ նախագծին, որոշվեց հետաձգել քննարկումը, որից հետո վարորդները բողոքի ցույց անցկացրին՝ պնդելով, որ իրենց համաձայնությունը եղել է 800 մեքենաների վերաբերյալ:
«Սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 դեկտեմբերի 30-ը. այսինքն՝ նոր գնված, այս տարի ձեռք բերված մեքենաները չեն կարող ներմուծվել, ներմուծման համար պատուհան ենք հատկացնում մինչև 2019թ. ապրիլի 1-ը»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Այսօր հենց այդ 800 մեքենաների ներմուծման հարցն էր, որին վարչապետն այս անգամ կողմ էր, սակայն քննարկումն ընթացավ այլ հարցի շուրջ: Այս անգամ քննարկման թեմա դարձավ ժամկետը. նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո վարորդները միայն 20 օր ներմուծման ժամանակ կունենան, ուստի առաջարկ եղավ ներմուծումը հետաձգել մինչև մայիսի 1-ը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այստեղ այլ վտանգ տեսավ:
«Մի եզրույթ կա, որն անհասկանալի է, մեզ համար կրիտերիան մայիսի մե՞կն է, թե՞ գնման ամսաթիվը: Ցանկացած երկրում առքուվաճառքի պայմանագիրը մի տեսք է ունենում. երկիր կա, որտեղ կարելի է բանավոր գործարքով անել, իզուր կոռուպցիոն ռիսկեր ենք ավելացնում, պետք է փաստաթղթով ապացուցի, որ գնել է մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ևս տեսավ ռիսկը՝ ասելով.
«Պարոն Գրիգորյանի հետ կհամաձայնեմ, որովհետև հնարավորություն կա փոխել»:
Մհեր Գրիգորյանն առաջարկեց հանել եզրույթը, բայց դա էլ խնդրի լուծում չհամարեցին: Հակոբ Արշակյանն ասաց.
«Մեքենան Ճապոնիայից Հայաստան ներմուծելու համար երկու ամիս է անհրաժեշտ. ապրիլի մեկը դրա համար ենք դրել, որ մեքենա բերելու դեպքում կունենան մեծ ռիսկ, չեն հասցնի կեղծել»:
Այս հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կեսկատակ-կեսլուրջ արձագանքեց.
«Լավ առիթ է հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել, համարենք խայծ, թակարդ, այնպես որ ուշադրությո՛ւն, հարգելի՛ կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել»:
Դիտարկմանը, թե երկու ուղղությամբ կարող են աշխատել, Մհեր Գրիգորյանը դարձյալ ընդդիմացավ՝ ասելով.
«Թվացյալ երկու բուֆեր է, բայց փաստացի մեկ բուֆեր, երկրորդը չի աշխատելու, երկրներ կան, որտեղ մեքենան բանավոր գործարքով ես առնում, կարող եմ հիմա առնեմ ու ձևակերպեմ, որ մինչև դեկտեմբերի 31-ն եմ առել, այն ռիսկը, որ հիմա բոլորը մեքենա են առնելու, էլի կա, չի նվազելու, բայց պատրաստ եմ հանել առաջարկս»:
Ի վերջո, հետևեցին Դավիթ Անանյանի հորդորին, որն ասաց.
«Եկեք թողնենք այնպես, ինչպես կա, և այդ հետբացթողումային հսկողության ռիսկը կա: Հետբացթողումային հսկողությունը թույլ է տալիս 3 տարում սահմանը հատած մեքենաների փաստաթղթերը ճշտել, դեկտեմբերի 30-ի ամսաթիվը ֆիքսենք, և հայտարարելու ենք հետ ետբացթողումային ստուգում, և մի կարևոր բան էլ կա, մենք ունենք մոտավոր գնահատական թվի վերաբերյալ, եթե դրանից լուրջ տատանում կունենանք, հետո կզբաղվենք ավելի լուրջ»:
Կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բերված մեքենաները ներմուծել մինչև մայիսի 1-ը: Մինչ այդ նախագիծը կուղարկվի ԱԺ՝ հրատապ կարգով քննարկման: