Լագերֆելդի կատուն կարող է ժառանգել տիրոջ ամբողջ ունեցվածքը
Հագուստի հանրահայտ մոդելավորող Կարլ Լագերֆելդի կատուն կարող է ժառանգել տիրոջ ամբողջ ունեցվածքը: Այդ մասին Լագերֆելդն էր բազմիցս նշել իր հարցազրույցների ժամանակ:
Շուպետ (Choupette) անունով էգ կատուն հայտնվել էր Լագերֆելդի մոտ 2011 թվականին: Կարլն այնքան էր կապվել կատվի հետ, որ անգամ ցանկություն էր հայտնել, որպեսզի մահից հետո իր, մայրիկի և կատվի աճյունների մոխիրը լցվի և ցանվի նույն սափորից:
«Շուպետը սեփական բանկային հաշիվ ու էջեր ունի Instagram և Twitter սոցիալական կայքերում: Նա գովազդներով միլիոնավոր եվրոներ է աշխատում»,- գրել է ֆրանսիական թերթերից մեկը:
Ֆրանսիայում կենդանիները չեն կարող ժառանգել իրենց տերերի ունեցվածքը, քանի որ չեն հանդիսանում ոչ ֆիզիկական, ոչ իրավաբանական անձ: Բայց դա հնարավոր է Գերմանիայում, որը Լագերֆելդի հայրենիքն է: Սակայն պետք է միևնույն ժամանակ հաշվի առնվի այն, որ Լագերֆելդը, լինելով գերմանացի, այնուամենայնիվ բնակվել է Ֆրանսիայում:
Կան նաև այլընտրանքային լուծումներ: Օրինակ՝ ամբողջ ունեցվածքը թողնել ինչ-որ հիմնադրամի, կազմակերպության կամ անհատի, որը հոգ կտանի կատվի մասին:
Նշենք, որ Կարլ Լագերֆելդը մահացել է երեկ`փետրվարի 19-ին: Վերջին շրջանում առողջական խնդիրների պատճառով նա չէր հայտնվում հասարակական վայրերում, խուսափում էր շփումներից: