ՀՀ դեսպանը մանրամասնել է Փաշինյան-Ռոհանի հանդիպման օրակարգը
Իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետի Իրան այցը բխում է Հայաստանի նորընտիր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, համաձայն որի, Հայաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել միջպետական հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի հետ:
Թումանյանը կարծիք է հայտնել, որ ամերիկյան պատժամիջոցների գործադրման պայմաններում Իրանի համար ևս կարևոր է գործընկեր երկրների, մասնավորապես, հարևան Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ հարաբերություններ:
«Ուստի, հասկանալի է, որ Փաշինյան-Ռոհանի բանակցությունները ներառելու են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտների հարցերի լայն շրջանակ: Վստահ եմ, որ բոլոր հարցերի վերաբերյալ կլինեն շահագրգիռ և գործնական քննարկումներ», – ասել է Թումանյանը։