ԲԴԽ նախագահը ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները
Փետրվարի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ԲԴԽ նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:
Կարևորվել է նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին հիմնախնդիրների համատեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար է համարել նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրել իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն:
Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման: