Խոշոր եղջերավոր անասունների հարցում հայկական տնտեսությունն առայժմ քիչ մրցունակ է. քննարկում կառավարությունում
Հայաստանից Իրան գառի գլխաքանակի արտահանման դեֆիցիտ կա. Իրանից ուզում են, Հայաստանը ստիպված ներկրում է, որ արտահանի Իրան։ Այս մասին այսօր խոսվեց կառավարության նիստի ընթացքում։ Սրանից փոքր-ինչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ իսկ ի՞նչ վիճակ է խոշոր եղջերավոր անասունների արտահանման հարցում։
«Խոշոր եղջերավորի մասով գնային առումով մի փոքր մենք ավելի քիչ մրցունակ ենք, բայց համապատասխան աշխատանքները, նաև ներառյալ գյուղատնտեսության ոլորտի հարկային օրենսդրության որոշակի բարելավումների արդյունքում հնարավոր կլինի կատարելագործել արժեշղթան, արդյունավետությունը բարձրացնել գյուղատնտեսական արտադրության, կարծում ենք, որ նաև հնարավոր կլինի խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրությունը, արտահանումը, որը նախկինում էլ մենք ունեցել ենք, բայց ավելի կայուն տենդենցի դուրս գալու համար պետք է լրացուցիչ աշխատանք կատարել», – ասաց խորհրդականը։
Վարչապետն ասաց, որ տեխնիկապես և օրենսդրորեն պետք է մշակել գյուղատնտեսից մինչև արտահանող շղթան, որ մեխանիզմը լիարժեք աշխատի։