Մայքլ Ջեքսոնը «ողջ է և պատրաստվում է վերադառնալ». պնդում են փոփ արքայի մտերիմները
Մայք Ջեքսոնը ողջ է և նոր համերգային շրջագայություն է ծրագրում Մեծ Բրիտանիայով մեկ: Ինչպես գրում է The Mirror-ը, այս մասին հայտնում են նրա մտերիմ ընկերներից և աշխատակիցներից ոմանք:
«Փոփի արքան», ում ընտանիքը ներկայում վիճարկում է երգչի հասցեին հնչող տարբեր մեղադրանքները երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մասին, կարող է թաքստոցում լինել՝ հույս ունենալով օրերից մի օր երաժշտության աշխարհ վերադառնալ: Նման կարծիք է հայտնել Ջեքսոնի նախկին ոճաբան Սթիվ Էրհարդթը:
Վկայակոչելով «հավատացողների» աճող խմբին, որոնք կարծում են, որ Ջեքսոնն իրականում չի մահացել 2009-ի հունիսի 25-ին, Սթիվը շեշտել է, որ նրանք երևի ինչ-որ բան գիտեն:
Սոցցանցում կատարած գրառման մեջ նա ակնարկել է, որ «ամիսներ անց կամ մինչև տարեվերջ, հնարավոր է, լավ լուր լսենք: Դա անհավանական է, անգամ ընտանիքը տեղյակ չէ, բայց ես գիտեմ»:
Նման ակնարկով գրառում նա կատարել էր նաև անցյալ տարվա հունիսին՝ խորհրդավոր լուսանկար հրապարակելով, որում տղամարդու ոտք էր պատկերված՝ Ջեքսոնի հանրահայտ սպիտակ գուլպայով և սև տաբատով: Լուսանկարին կից նա գրել էր. «Ձայնագրման ստուդիայում այս աշխարհում՝ չբացահայտված վայրում»: