Փայտանյութի տրամադրման հարցը կարգավորվում է Անտառային օրենսգրքո՞վ, թե՞ ճանապարհ փակելով. հայտարարություն
Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ «ի գիտություն ճանապարհ փակողների»: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Արձագանքելով Aravot.am կայքում հրապարակված «Միջպետական ավտոճանապարհ փակելն արդյունք տվեց» վերտառությամբ հոդվածին, հարկ ենք համարում տեղեկացնել.
. Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ
. Դեռևս 2019 թվականի հունվարի 15-ին ԲՆ Անտառային կոմիտեի կողմից հաստատվել է 2019 թվականի խնամքի և սանիտարական հատումների չափաքանակը՝ 17500 խմ ծավալով, որը տարվա ընթացքում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում կարող է նաև աճել։
Հարկ է ընդգծել, որ բնակիչների կողմից բարձրաձայնված փայտանյութի տրամադրման հարցը կարգավորվում է վերոգրյալով և Անտառային օրենսգրքով, այլ ոչ թե միջպետական ավտոճանապարհներ փակելով։
Շեշտենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սակավանտառ, լեռնային երկիր է և չի կարող ամբողջությամբ բավարարել ազգաբնակչության՝ փայտանյութի պահանջարկը։ Միջպետական ավտոճանապարհներ փակելով հանրապետության անտառային մակերեսները, անտառում թափուկ վառելափայտի քանակները չեն ավելանում»: