Շիրակի մարզպետը քննարկել է Փոքր Մանթաշի խմելու ջրի աղբյուրների վրա կապտաժներ կառուցելու խնդիրը
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների և Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Փոքր Մանթաշ համայնքի վարչական տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրների վրա կապտաժներ կառուցելու խնդիրը: Մանթաշ գետի աջ և ձախ ափերին գոյություն ունեցող աղբյուրների կապտաժավորման և դրենաժավորման աշխատռանքների իրականացմամբ կլուծվի տարածաշրջանի մի շարք համայնքներ մատակարարվող ջրի որակի խնդիրը, սակայն համայնքների ղեկավարները ջրամատակարար ընկերության հետ համաձայնության չեն գալիս:
Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ հնչել են երկու կողմերի տեսակետները: Լսելով կողմերի կարծիքները` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն առաջարկել է խնդրի կարգավորման համար նոր ելք գտնել, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար.
«Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ տևական ժամանակ ձեր բանակցություններն արդյունք չեն տվել, ինչը կարծում եմ, ենթադրել է տալիս, որ նոր թարմացված առաջարկի ու երկուստեք ընդունելի փաթեթի մշակման անհրաժեշտություն է զգացվում: Այստեղ կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու շահն առաջնային համարել և մտածել խնդրի շուտափույթ լուծման տարբերակներ»:
Մարզպետի առաջարկությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նոր փաստաթղթային տարբերակ է մշակելու, որը կքննարկվի առաջիկայում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Գյումրի քաղաքի ջրամատակարարման հիմնահարցերին: Տիգրան Պետրոսյանը պատասխանատուներին հորդորել է աշխատանքում հետևողականություն դրսևորել և ահազանգերին առավել պատասխանատվությամբ արձագանքել: