Այլ քաղաքացու բանկային քարտով գումար է կանխիկացվել (տեսանյութ)
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը:
2018թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս պատկանող բանկային քարտը:
Նույնը օրը՝ ժամը 19:40-ին և 19:52-ին, Երևան քաղաքում գտնվող երկու տարբեր բանկոմատներից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բնակչուհուն պատկանող բանկային քարտով կատարել է գումարի կանխիկացում:
Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունները:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: