Եթե միայն ինձանով լիներ, բոլորին կօգնեի ու կլինեի բարի քաղաքապետ. Մարությանը` բնակարանային խնդիրների մասին (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը բարձրացրել է Լեոյի 35 հասցեում բնակվող մի ընտանիքի բնակարանային հարցը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը հրավիրելով այդ խնդրի վրա:
«Խնդրի մասին ավագանու նիստի ընթացքում էլի բարձրաձայնել եմ, շատերն այստեղ ասացին` վայ, վույ, գնանք նայենք, բայց միայն Արթուր Իսպիրյանը գնաց և հիմա էլ կապի մեջ է այդ ընտանիքի հետ: Տարատեսակ բարդ համադասական, ստորադասական նախադասություններ կազմելով, ածականներ օգտագործելով չեմ կարող նկարագրել, թե դա ինչ հյուղակ է: 91թ.-ից սկսած դիմում բողոքների տրցակ կա, բոլոր քաղաքապետերին դիմել են, որևէ մեկը հարցը չի լուծել և նույնիսկ չի այցելել այդ գետտոն, որ գտնվում է Երևանի կենտրոնում` Փակ շուկայի հետնամասում», – ասաց Հռիփսիմե Առաքելյանը՝ խնդրելով գոնե մեկ պաշտոնյայի փորձել մտնել այդ գետտոն:
Հռիփսիմե Առաքելյանն իր խոսքում նաև հիշեցրեց, որ քաղաքապետն այդ խնդրի շուրջ հակադարձել է և ասել, որ Երևանում բնակարանային խնդիրները շատ են, շատ անտուն բնակիչներ կան, բայց այս դեպքն առանձնահատուկ է և պետք է լուծում տալ: Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ևս հաստատեց, որ այդ ընտանիքն ունի ժամ առաջ օգնության կարիք:
«Ես 2-3 անգամ եղել եմ այդ բնակարանում: Տունը չունի տանիք, և այնքան են ծռվել մուտքն ու պատերը, որ ներս մտնել հնարավոր չէ, էլ չեմ ասում հոսանքալարերի խնդիր կա, որ ամեն վայրկայն կարող է հրդեհի պատճառ դառնալ: Իմ տեսած գետտոներից ամենահրատապն է դա, կարծում եմ: Բախտներս բերեց, որ այս ձմեռը սարսափելի չէր, թե չէ այդ տունը հաստատ փլվելու էր», – ասաց Արթուր Իսպիրյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, բարձրացված խնդրին արձագանքելով, հիշեցրեց, որ օրեր առաջ իր մոտ ընդունելություն է արել և քաղաքացիների հետ շուրջ 11 ժամ զրուցել է: 95 տոկոսը եկել էին նույն խնդիրներով:
«Եթե տեսնեք իրենց բերած լուսանկարները, վստահեցնում եմ, նույն կարգի խնդիրներ էին՝ տարեց կին, որ ապրում է գործարանում, ընտանք, որի երեխաները բրոնխիտ ունեն, որովհետև տունը խոնավ է, պապիկ էր եկել, որի թոռը հիվանդ է և այլն: Կան հազարավոր ընտանքիներ, որ էդ էլ չունեն, վարձով են ապրում, և եթե վաղը գումարը վերջացավ, դուրսն են հայտնվելու: Ես չգիտեմ այդ քաղաքացիներին ինչ պատասխանեմ, ամեն մեկին ուզում եմ օգնել, եթե միայն ինձանով լիներ, ով եկել էր, կօգնեի ու կլինեի բարի քաղաքապետ, բայց ասել եմ` հարգելիներս, հարազատներ ջան, չեմ կարող դա անել, որովհետև եթե 10-ին օգնեմ, մնացած 1000-ը կասեն` բա մե՞նք, իսկ պայմանները հավասար են բոլորի համար», – ասաց քաղաքապետը:
Հայկ Մարությանը հորդորեց ավագանու անդամներին միասին որոշում կայացնել և հասկանալ, թե գումարներն ինչպես են ծախսում և ինչ մեխանիզմով պետք է այդ մարդկանց խնդիրները լուծեն:
«Ոնց որոշենք, էդպես էլ կանենք: Ինչու՞ պետք է մի ընտանիքի տամ, մյուսներին չտամ», – շեշտեց Հայկ Մարությանը: