Առաջիկայում բյուջետային ավիաուղիները կսկսեն չվերթներ իրականացնել Գյումրի
Գյումրիի օդանավակայանում ներկայում կոնցեսիոները ներդրումային ծրագիր է իրականացնում, բայց քանի որ շենքը պատմամշակութային արժեք ունի, հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի: Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ հավաստիացումներ է ստացել՝ խնդիրը կարգավորման փուլում է, կոնցեսիոները պայմանավորվել է, որ առաջիկայում օդանավակայանը լրջորեն կաշխուժանա, բյուջետային ավիաուղիները կսկսեն չվերթներ իրականացնել Գյումրի:
«Այդ իրավիճակը մենք ժառանգել ենք, բայց ցանկացած իրավիճակ պետք է նաև օպերատիվ կառավարենք, և եթե տեսնենք, որ չկան էական տեղաշարժեր, էական բարելավում չենք ունենում, պետք է տեսնենք, թե ինչն է սխալ այս համակարգի մեջ, որ կոնկրետ արդյունքների չի բերում»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը հասել է ուղևորափոխադրումների իր սահմանագծին, նշեց, որ այնտեղ նույնպես վերակառուցման ու ծավալների ընդլայնման անհրաժեշտություն կա, ասաց՝ այդտեղ էլ ճարտարապետական հուշարձանի հետ կապված խնդիր ունեն:
«Համենայնդեպս, պարոն Էռնեկյանը հավաստիացրել է, որ պատրաստ են լուրջ ներդրումներ անել Գյումրիի օդանավակայանում, մենք կհետևենք պրոցեսին, այդ համատեքստում կանենք հետևություններ, հուսով եմ՝ դրանք կլինեն պոզիտիվ»,- ասաց վարչապետը: