Կարիք չկա՞, որ ՄԻԵԴ գործերով Հայաստանի ժողովրդի դեմ ուղղված այս բեռի մաս կազմեն նաև թերացող դատավորները. Հովհաննես Իգիթյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը փետրվարի 12-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ հետաքրքրվելով դատական իշխանությանը վերաբերող մի խնդրի մասին: Նա նշեց՝ դատական համակարգը պետք է լինի արդար, անաչառ, թափանցիկ ու արհեստավարժ, սակայն խնդիրներ կան թե՛ ժողովրդի վստահության տեսանկյունից, թե՛ ՄԻԵԴ-ի գործերի առումով: Իգիթյանը հիշեցրեց՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ գործերի քանակն է հրապարակվել, որը ևս գնահատական է, որ ինչ-որ բան այն չէ այս ոլորտում, և այստեղ ոչ միայն բարոյական մասն է, այլև` ֆինանսական բեռը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարիք չկա, որ ՀՀ ժողովրդի դեմ ուղղված այս բեռին ինչ-որ ձևով մաս կազմեն նաև թերացող դատավորները կամ քննչական մարմինները:
«Ի՞նչ է տեղի ունենում մեր հանրությունում. ես կարծում եմ, որ մեր հանրությունում հիմա տեղի է ունենում հետևյալ գործընթացը, որ մենք քաղաքական առումով օրթոդոքս հասարակությունից անցում ենք կատարում, այսպես ասած, «բաց մտքով» հասարակության»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանում բոլոր գաղափարները ենթակա են քննարկման, այդ թվում՝ Իգիթյանի նշածը:
Իգիթյանն ասաց, որ նախկինում սխալ ձևով դատված և ՄԻԵԴ-ում դրական եզրակացություն ունեցող անձինք հրաժարվում են կոմպենսացիայից:
«Դուք էլ եք հրաժարվում, քանի որ ստացվում է, որ սխալն արեց մի համակարգը, իսկ սրա վճարը պետք է գա ժողովրդից: Եթե դատական իշխանության վրա անուղղակի կամ ուղղակի ձևով ազդելու հնարավորություն չունենք, սա ևս մեկ լծակ կլինի ավելի զգոն լինելու»,- ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, որ հարցի լուծման այլ տարբերակներ էլ կան, բերեց մի օրինակ, տարբերակ, որը վստահ չէ, որ ամենաճիշտն է:
«Արդարադատության նախարարությունը կարող է շատ բան անել, բայց օրենսդրորեն հնարավո՞ր է, որ ՀՀ ԱԺ-ն ստեղծի քննիչ հանձնաժողով և ստուգի ՀՀ դատավորների ունեցվածքը: Սա հանպատրաստից միտք է, ասում ենք՝ Արդարադատության նախարարությունը թող այս անի, այն անի, խորհրդարանում կան բազմաթիվ լծակներ, կառավարությունը դեմ չէ, ակնկալում ենք, որ խորհրդարանն այս պրոցեսին ամբողջ ծավալով կնպաստի ու կաջակցի»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարն արձագանքեց նաև ՀՀ կառավարության դեմ իր՝ ՄԻԵԴ ներկայացրած գործով զարգացումներին:
«Ես դեռ ոչ մի բանից չեմ հրաժարվել այն պարզ պատճառով, որ իմ գործով դատարանը որոշում չի կայացրել: Բարդ վիճակում ենք, ստացվում է «Крамер против Крамера»: Դա իրավական լուրջ խնդիր է, պետք է տեսնենք, այստեղ էթիկայի հետ կապված խնդիրներ կան, պետք է այլ լուծումներ գտնենք: Իմ գործով կառավարության հանդես գալու մեխանիզմը պետք է հասկանանք՝ ինչպես է»,- նշեց Փաշինյանը: