Համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանում ջարդված է․ Փաշինյան
Հայաստանի կառավարության համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ պայքարն այս կառավարության կարևոր հաջողություններից մեկն է։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք։ Եվ ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը հետևյալն է կոռուպցիայի դեմ պայքարում, որ մենք պետք է ուժեղացնենք այն լծակները, որով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ», – ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ցանկացած պաշտոնյա կամ այդպիսի պաշտոնի հավակնող պետք է նոտարով հաստատված փաստաթուղթ տա վերահսկող մարմնին, որ այն հնարավորություն ունենա այդ մարդու անունից ցանկացած պետությունում ստուգել նրա ունեցվածքը, տեղաբաշխումը և այլն, ու դա ներկայացնել հանրությանը։
«Եվ ավելին, բոլոր այն պաշտոնյաները և պաշտոնի թեկնածուները, որոնք հրաժարվում են համապատասխան մարմին այդպիսի լիազորագիր տալ, նրանք ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրավաբանների հետ այս հարցում տևական բանավեճեր են լինում, բայց իր թիմը խնդիր չի տեսնում, որովհետև սա վերաբերում է միայն նրանց, ովքեր ցանկանում են պետական պաշտոն զբաղեցնել։