Ոմանք աշխատում էին` հարկերը չհավաքվեն, որ հեղափոխությունը ձախողվեր․ Փաշինյան
Շատ է խոսվում և արդարացի է խոսվում ՊԵԿ պարգևավճարների մասին, և արդեն հայտարարվել է, որ պարգևատրումների չափը 2019 թվականին 50 տոկոսով նվազելու է։ Այս մասին կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդրում եմ հաշվի առեք, որ միշտ էս թեմաների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձեր տալու ավանդույթը միշտ ներկա է եղել, միշտ», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս վեճը սկսվել է դեռ մայիսից՝ իր՝ վարչապետի ու համակարգի միջև։ Սակայն, վարչապետի խոսքով, ինքը միշտ ահազանգ է լսել՝ արդյո՞ք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր է առաջացնում։
«Բայց չէ՞ որ ասում եմ, որ 90 տոկոսը էդ պետական կառավարման համակարգում նույն մարդիկ են։ Եվ մենք գալիս ենք ու առաջին գործով նրանց եկամուտները, աշխատավարձերը, վարձատրությունը 50-60-70 տոկոսով կրճատում ենք։ Էդ մարդը նույն ձևի առնվազն կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձը իջեցնում ենք, ասում ենք՝ գնա´, հարկեր հավաքի´ր։
Կասի՝ չեմ հավաքում, ընդհակառակը, չեմ հավաքի հարկեր, որ ձեր մորուքավորների հեղափոխական կառավարությունը չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքել, չկարողանա թոշակ վճարել, չկարողանա աշխատավարձ վճարել, որ բունտ լինի։ Ի միջի այլոց, հակահեղափոխություն-հակահեղափոխություն, որ ասում են, էդ հակահեղափոխությունը շատ կոնկրետ պարամետրեր ունի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ իրեն տրված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսից առաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև նրանց պատկերացմամբ՝ այդ համակարգում աշխատողների 90 տոկոսը եղել են իրենց մարդիկ։
«Եվ հեղափոխության ձախողումը ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է։ Այո´, մարդիկ 2018 թվականի հունվարին վատ էին ապրում, վատ էին, դժգոհում էին, բայց գոնե թոշակ էին ստանում։ Ցածր, բայց ստանում էին։ Գոնե աշխատավարձ էին ստանում, ցածր, բայց ստանում էին։ Բա պատկերացրեք էս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքագրվել, և հնարավոր չէ թոշակ տալ։ Կարո՞ղ էր լինել այդպիսի սցենար, իհարկե, կարող էր։ Աշխատո՞ւմ էին ոմանք, որ այդպիսի սցենար լինի։ Իհարկե աշխատում էին»,- ասաց վարչապետը։
Նա ասաց, որ Հանրապետական կուսակցությունը ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել է հիմնականում այն տեղերում, որտեղ եղել է նախկին պաշտոնյաների որոշակի համակենտրոնացում։