Ձեր աշխատակազմում շարունակում է գործել ընտրակեղծարարը. Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու փետրվարի 12-ի նիստում հանդես եկավ հայտարարությամբ և ահազանգեց, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել:
Իր խոսում Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալներից միայն մեկի կենսագրականը, իսկ Սամվել Ղումաշյանի վերաբերյալ ոչինչ չկա, կենսագրականը բացակայում է: Դավիթ Խաժակյանը նշեց, որ կարևոր է համարում հանրության տեղեկացվածությունը, ուստի ցանկանում է ներկայացնել որոշ դրվագներ Սամվել Ղումաշյանի կենսագրականից:
Նա մեջբերեց «Հայկական ժամանակ» լրատվական կայքում հրապարակված հոդվածից մի հատված, որտեղ թղթակիցը ներկայացնում է, թե ովքեր են կանգնած Ավանում տեղի ունեցած անկարգությունների հետևում:
«Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի հանձնարարությամբ 150-180 հոգանոց խումբը հարձակվել է անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները»,-ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա մեկ այլ պատմություն ներկայացրեց, որին անձամբ է մասնակից եղել: Մասնավորապես՝ 2017թ-ին ընտրությունների ժամանակ Սամվել Ղումաշյանը զբաղվել է ընտրակեղծարարությամբ, և Դավիթ Խաժակյանն անձամբ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն:
«Եթե անձն, անգամ ունենալով ինչ-որ այսպիսի խնդիրներ իր անցյալում, շարունակում է այս պահին աշխատել, ուրեմն այս պահին պետք է իր ծառայությունը քաղաքին: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրն էլի պետք է լինելու: Այդ թեմայով բազմիցս խոսակցություն է եղել», – ասաց քաղաքապետը:
Ի պատասխան Հայկ Մարությանի` Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքապետը փոխարինել է բոլոր քաղաքապետերի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարիներին, իսկ այժմ արդարացված է համարում նման անձի աշխատանքը:
«Փաստորեն, ոստիկանություն ներկայացված բոլոր փաստաթղթերին պետք է ծանոթանամ, որ ձեզ ներկայացնեմ, որ ձեր աշխատակազմում շարունակում է գործել ընտրակեղծարարը», – ասաց Դավիթ Խաժակյանը: