ՄԻՊ-ի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Իրավունքի և ժողովրդավարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Թոբի Մենդելին:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ արձագանքումն ապահովելը: Այն ներառում է նաև աջակցությունը լրագրողական հարցումներին պատասխան տրամադրելու հարցում։
«Այս կարևոր ուղղությունը նպատակ ունի շարունակաբար ամրապնդել պետության և քաղաքացիների կապը, իսկ լրագրողների միջոցով՝ իրացնել քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքը: Այս ուղղությունն իմ առաջնահերթ ուշադրության ներքո է»,- մանրամասնել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով:
Արման Թաթոյանը բարձր է գնահատել ոլորտում խնդիրների լուծման հարցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դերն ու ակտիվ ներգրավվածությունը։
Թոբի Մենդելն իր հերթին կարևորել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը մամուլի և խոսքի ազատության երաշխավորման ոլորտում՝ ընդգծելով Պաշտպանի կառուցվածքային, այդ թվում՝ ֆինանսական անկախության երաշխիքները, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանելու հանգամանքը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը ինչպես «Իրավունքի և ժողովրդավարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության, այնպես էլ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ։