Իրանը կշարունակի մեծացնել իր ռազմական հզորությունը. Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ելույթ է ունեցել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ: Չնայած միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումներին՝ Ռոհանին շեշտել է, որ Իրանը կշարունակի իր հրթիռային ծրագիրը:
«Մենք տարբեր տեսակի հրթիռներ մշակելու համար թույլտվություն չենք խնդրել և չենք խնդրի: Մենք կշարունակենք մեծացնել մեր ռազմական հզորությունը: Իրանի ժողովուրդն ունի և կունենա տնտեսական որոշ դժվարություններ, սակայն մենք կհաղթահարենք խնդիրները՝ մեկս մյուսին օգնելով»,- ասել է Ռոհանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էնք, Իրանն արդեն մի քանի օր է՝ տոնում է 1979թ. Իսլամական հեղափոխության 40-ամյակը: Այսօր տոնախմբությունները վաղ առավոտից սկսվել են Իրանի ավելի քան 1000 քաղաքներում և 10 հազար գյուղում:
Միջոցառումների մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիին, որի ղեկավարած շարժումը հաղթանակ տարավ շահի իշխանության դեմ: Իրանում հեղափոխության տոնախմբությունները նշում են ամեն տարի, դրանք տևում են 10 օր: