Բյուջեի մասին օրենքով` Ֆինանսների նախարարության պարգևավճարի գումարը տարբերվում է մյուսներից. Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը «Ազատություն» ռադիոկայանի Facebook-ի ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
Նա անդրադարձել է պարգևավճարների խնդրին և նշել, որ մեր երկրում պետական պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարների վարձատրությունները սահմնանված են օրենքով.
«Բյուջեի մասին օրենքում սահմանվում է բազային աշխատավարձ, որը մեր երկրում 66.140 դրամ է, և կա գործակից, նախարարների դեպքում 12 է, և միևնույն չափով է սահմանել օրենսդիրը: Իմ ստացած աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային է:
Բյուջեի մասին օրենքով՝ Ֆինանսների նախարարության պարգևավճարի գումարը տարբերվում է մյուսներից: Մնացած մարմինները ունեն արտաբյուջետային միջոցներ: 2019 թ․-ի համար սահմանված է բոլոր մարմինների համար միասնական մոտեցում. աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով»:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շատ է շահարկվում 5 միլիոն դրամը.
«Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ամիս ֆինանսների նախարարը մեր երկրում 5 միլիոն դրամ է ստանում, ցավոք, այդպես չէ: Եթե մենք ուզում ենք դատողություն ունենալ վարձատրության վերաբերյալ, պետք է նայել ոչ դե դեկտեմբերը այլ ամբողջ տարին: 5 միլիոն դրամը ներառում է 2 ամսվա աշխատավարձ և պարգևավճար և, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ, հարկերը»: