Մանվել Գրիգորյանն Էջմիածնին որևէ գույք չի հանձնել. Դիանա Գասպարյան
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր կառավարությունում խոսել է քաղաքում իր պաշտոնավարման ընթացքում կատարված կրճատումների ու դրանց հաշվին կատարված խնայողությունների մասին:
«Կրճատվել են հաստիքներ, որոնք զբաղեցված չեն եղել այդ պահին մարդկանցով, երբ ես նշանակվել եմ, նախկին իշխանությունների բարեկամների համար նշանակված հաստիքներ են եղել, որոնք հիմա արդեն չկան»,- ասաց Դիանա Գասպարյանը:
Իսկ թե հետագա ինչ քայլեր կարող են լինել, ինչ կրճատումներ, նա պարզապես նշեց, որ օպտիմալացման արդյունքում կարող են բաժիններ միավորվել: Իսկ աշխատանքը այսուհետ, ըստ նրա, կլինի առավել արդյունավետ: Հավելեց.
«Ամենակարևորը քաղաքական կամքն է, եթե համայնքի ղեկավարի կողմից կա քաղաքական կամք, որպեսզի ատկատ չլինի, բյուջեն չմսխվի, դա չի լինի: Իսկ այդ քաղաքական կամքը կա»:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանը մինչ առայժմ ի՞նչ տարածքներ է հանձնել պետությանը, նշեց.
«Տեղյակ եմ Կուղբաբուծական գործարանի տարածքի մասին, որը շրջանառվեց, սակայն հանձնվել է Պետգույքի կառավարմանը, Մանվել Գրիգորյանն Էջմիածին համայնքին չի հանձնել»:
Մթնոլորտն էլ, վստահեցրեց, համայնքում բնականոն է, ցույցեր տարբեր պատճառներով կարող են լինել, բայց դա չի կարող ազդել համայնքի կյանքի վրա:
«Լավ է, Էջմիածինը վերադարձել է բնականոն կյանք, այդ ցնցումներն էլ հետք չեն թողնում»,- ասաց նա: