Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է 377 դպրոցների ուժեղացումը կամ նորի կառուցումը (տեսանյութ)
Մոտ 2,5 տարի է՝ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցի աշակերտներն ու աշխատակազմը տեղափոխվել են թիվ 133 դպրոց, հյուրընկալող կողմը նրանց է տրամադրել գրեթե 20 տարի չօգտագործված հատվածը, կարգի են բերել որքան հնարավոր էր, աշխատում են ու անհամբեր սպասում օրվան, երբ կավարտվի իրենց դպրոցի շինարարությունն ու կտեղափոխվեն: Այս մասին է պատմում ՀՀ կառավարության Facebook-ի էջում տարածված տեսանյութում:
Նոր դպրոցը կառուցվում է հին հասցեում՝ հիմքից. նախկինից ոչինչ չի պահպանվել, բացի կաթսայատնից: Դպրոցը, որ քանդվել է, շահագործման էր հանձնվել 1966-ին, երբևէ չէր հիմնանորոգվել: Մոտ 3 տարի առաջ սեյսմիկ ծառայությունից եկան, ուսումնասիրեցին ու տրվեց եզրակացություն՝ վտանգավոր է նման պայմաններում աշխատելը:
Ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված պայմանագրի շրջանակներում այժմ կառուցվում են 6 դպրոցներ, որոնցից 3-ում դասերը շուտով կմեկնարկեն։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է 377 դպրոցների ուժեղացումը կամ նորի կառուցումը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց սեյսմիկ առումով վատ վիճակում գտնվող դպրոցների խնդրի լուծման տեմպերն արագացնել: