Հենրիխ Մխիթարյանը լիարժեք մարզվում է «Արսենալի» գլխավոր թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիարժեք մարզումներ է անցկացնում Լոնդոնի «Արսենալի» գլխավոր թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պատրաստվում է «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 9–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00–ին։
Էմերին նախախաղային ասուլիսում չի բացառել, որ Մխիթարյանը կարող է խաղաժամանակ ստանալ առաջիկա խաղում։
Հիշեցնենք, որ ոտքի կոտրվածքից հետո Մխիթարյանը խաղադաշտ էր վերադարձել փետրվարի 4–ին՝ մասնակցելով «Արսենալի» մինչեւ 23 տարեկանների թիմի հանդիպմանը «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի երիտասարդական առաջնության (Պրեմյեր լիգա-2) 16-րդ տուրի խաղին։ Հանդիպումը մառախուղի պատճառով մնացել էր անավարտ։ Անցկացվել էր առաջին խաղակեսը, որն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 3։0։