Ղարաբաղյան հակամարտության հարցով Մադրիդյան սկզբունքները չեն կորցրել իրենց արդիականությունը. Ալ. Իսկանդարյան
Մադրիդյան սկզբունքները չեն կորցրել իրենց արդիականությունը: Փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կան երկու տիպի տարածքներ, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում:
«Մի տիպը, այն տարածքներն են, որոնք ենթակա են Ադրբեջանի կազմ վերադարձին եւ տարածքներ, որոնք վերադարձի ենթակա չեն: Իսկ խոսակցությունները «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի մասին, ըստ էության, ոչ մի բանի դիմաց, կամ Ղարաբաղի անկախության ճանաչումն առանց ոչնչի՝ առանց տարածքային զիջումների՝ անիրական են», - ասաց փորձագետը:
Նա հավելեց, որ Հայաստանը ստիպված է միանգամից մի քանի ուղղություններով աշխատել:
«Երեւանը պետք է կոշտություն, սակայն միեւնույն ժանանակ զիջողականություն դրսեւորի: Հարկավոր է աշխատանք տանել Ադրբեջանի, Ղարաբաղի, միջազգային հանրության, ինչպես նաեւ ներքին լսարանի հետ: Այս ուղղություններից յուրաքանչյուրը կարեւոր է», - ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանը հավելեց, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող վերջնականապես լուծել հակամարատությունը, այլ կարող են պարզապես պայմաններ ստեղծել առարկայական բանակցությունների համար: