ԱԱԾ նոր համազգեստը պետք է լինի հարմարավետ և աչքի համար հաճելի. Արթուր Վանեցյան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը: Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է:
«Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: Տաբատը մեր հիմնական համազգեստինն է, սվիտերը հիմնականն է, բաճկոնն է ավելացել, դա էլ, որպես այդպիսին, ունենք: Համազգեստ կրողները գիտեն, որ այն առաջնահերթ պիտի հարմար լինի, քանի որ մարդն ամբողջ օրը կամ լինում են դեպքեր կան, երբ մի քանի օր լինում է համազգեստի մեջ, նաև աչքի համար գեղեցիկ պիտի լինի: Առաջնահերթ փոփոխությունը սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստում պիտի արվի, քանի որ առաջինը, ում հետ շփվում են զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները, սահմանապահ զորքերի աշխատակիցներն են՝ խիստ, փողկապով, և հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են հին խորհրդային տարիները»,- ասաց նա:
Ըստ Վանեցյանի` եթե սահմանին լինեն գեղեցիկ համազգեստով մարդիկ, ի սկզբանե ՀՀ մուտք գործող քաղաքացու համար տպավորությունն այլ կլինի: Նա նաև նկատեց` սահմանապահ զորքերի աշխատակիցները որոշակի հարցեր են տալիս ժամանող քաղաքացիներին, դա կոչվում է «օպերատիվ հարցում», այն նախատեսված է օրենքով, և եթե այդ հարցումը անում են հին խորհրդային համազգեստով, քաղաքացու մոտ տպավորություն է, որ իրեն իրավապահները քաշքշում են, իսկ եթե համազգեստն այլ է, նման տպավորություն չի առաջանում:
ԱԱԾ տնօրենն արձագանքեց նաև քննադատություններին, թե համազգեստի փոփոխության համար պետբյուջեից լրացուցիչ միջոցներ են վատնելու:
«Ոչ մի կոպեկ չենք վատնում, մեզ պետբյուջեով հասանելիք գումարը, որ տրամադրված է մեր համազգեստին, որ կրում ենք, դրա շրջանակներում փոխում ենք համազգեստի դիզայնը, աշխատում ենք ոչ թե թանկարժեք դիզայներների հետ, աշխատում ենք մենք, կրում ենք, փորձում ենք` հարմար է, թե չէ, ինչը մի քիչ երկար գործընթաց է: Հայաստանի պետբյուջեի վրա որևէ ավելորդ ծախս դա չի նստելու, հակառակը, հարմարավետություն է տալու, հանրային ընկալման համար լինելու է հարմար, աչքի համար հաճելի»,- ասաց նա: